«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը միջազգայնացվել է. ասուլիս
Օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:
Մրցաշարի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ այսօր ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնացել են ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը և մրցաշարի գլխավոր մրցավար Արթուր Հովհաննիսյանը:
ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը տեղեկացրել է, որ այս տարի մրցաշարը միջազգայնացվել է. ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք ունեն թե՛ ՀՀ, թե՛ օտարերկրյա քաղաքացիները. «Միակ սահմանափակումն այն է, որ մասնակիցը պետք է ընդգրկված չլինի լողի միջազգային սանդղակում և վերջին 5 տարվա ընթացքում պետք է մասնակցած չլինի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի: Մրցանակային տեղ զբաղեցնելու դեպքում՝ օտարերկրացի մասնակիցը ևս կպարգևատրվի»:
Ինչպես միշտ, խրախուսական մրցանակներ են սահմանված նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցների համար:
Սերգեյ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբով անցկացվելիք մրցաշարում կանայք պետք է հաղթահարեն 1000, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածքը: ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետը, կարևորելով մրցաշարի անվտանգային հարցերը, ընդգծել է՝ ամեն ինչ կարվի ամենաբարձր մակարդակով՝ փորձելով բացառել որևէ տեսակի խնդիր՝ կապված մասնակիցների անվտանգության հետ:
Մրցավար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ թեև մասնակցության հայտերի ընդունումն ընթացքի մեջ են, բայց արդեն իսկ ավելի քան 60 մասնակից է գրանցվել. «Հետաքրքրվողները շատ են: Նախքան գրանցման հայտը հաստատելը՝ ֆեդերացիան լողավազանում անցկացնում է ստուգարք՝ մասնակցի լողալու մակարդակը որոշելու համար: Դրանից հետո միայն թույլ ենք տալիս մասնակցել մրցաշարին: Ավելացվելու են մրցավարարական և փրկարարական խմբերը, որպեսզի ավելի անվտանգ և ապահով մրցում անցկացնենք: Մրցավարներ ենք ավելացնելու, մասնավորապես, լողորդների շրջադարձի հատվածում, որպեսզի ստուգենք, թե արդյոք տվյալ մասնակիցը հասնո՞ւմ է մինչև շրջադարձի գոտի, թե՞ ոչ»:
Արթուր Հովհաննիսյանը նշել է՝ կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբերում գրանցումները գրեթե հավասար քանակությամբ են:
Նշենք նաև, որ օգոստոսի 19-ին մրցաշարի մասնակիցները Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածք կկարողանան հասնել գնացքով՝ «Սասունցի Դավիթ» կայարանից: Մանրամասների վերաբերյալ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2023 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected])։:
Հիշեցնենք՝ մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (1983-2005 թթ.),
2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված):
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Հարցերի դեպքում զանգահարել (010) 56-44-60 հեռախոսահամարով: Մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077) 84-40-41, (091) 84-40-41 կամ (055) 84-40-41 հեռախոսահամարներով երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00:
Կարծիքներ