Ինչ է անում միջազգային հանրությունը. շահի և ուժի սկզբունքը. «Փաստ»

Ինչ է անում միջազգային հանրությունը. շահի և ուժի սկզբունքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանաթուրքական ագրեսիայի ողջ ընթացքում և ընդհանարապես հաճախ կարելի է լսել հարց՝ իսկ ի՞նչ է անում միջազգային հանրությունը, ինչու չի օգնում մեզ, ինչու չի բռնում հանցագործություն իրականացնող պետությունների ձեռքը:

«Իսկ ի՞նչ է «միջազգային հանրություն» ասված անորոշ հասկացությունը. այն ուժային որոշակի հարաբերակցության ու միջազգային խաղի կանոնների շուրջ համաձայնության եկած պետությունների ամբողջություն է: Դա, իհարկե, չի նշանակում, թե այդ համայնքի անդամ¬ները չունեն իրենց՝ խիստ պրագմատիկ ու երբեմն համայնքում ընդունված խաղի կանոններին մրցակից, կամ հակասող շահեր: Ասում ենք՝ ինչու միջազգային հանրությունը մեզ չի օգնում… Իսկ ինչու այն մեզ առհասարակ պիտի օգնի:

Մենք պետություն ենք մեր բանակով, մեր առկա ռեսուրսներով, մեր ինքնիշխանությամբ: Եթե մենք մեզ չենք կարողանում պաշտպանել, մեր անվտանգությունը պատշաճ ապահովել, ապա ինչու այլ պետություններ պետք է դա անեն, միջազգային հարաբերությունների համակարգում որևէ մեկը մյուսին պարտական չէ: Այստեղ աշխատում է շահի և ուժի սկզբունքը։ Եվ եթե կարողանում ենք այդ շահի և ուժի սկզբունքի շուրջ դաշնակիցներ ձեռք բերել, ուրեմն հաջողում ենք, եթե ոչ, ուրեմն ձախողում ենք պետություն կառավարելու և ունենալու հեռանկարը:

Մյուս կողմից՝ առնվազն պետք է հասկանալ, որ եթե մենք մեզ չենք կարողանում պաշտպանել, և այլ երկրներ են մեզ պաշտպանում, մենք նրանց առջև պարտավորություն ենք ստանձնում և ընկնում ենք քաղաքական վարկերի տակ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Կառավարման փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանն էլ նշում է, որ միջազգային հանրությունը շատ ամորֆ, վերացական հասկացություն է. «Այստեղ գործ ունենք շատ կոնկրետ երկրների հետ: Ուժային կենտրոններ համարվող երկրները, նրանց «սատելիտ» պետությունները, իրենց շահերից ելնելով, համապատասխանաբար դիրքավորվում են և անում հայտարարություններ: Դրանք, որպես կանոն, շատ անատամ են, անհասցե, պարիտետային՝ իրենց բնույթով, ինչը խոսում է այն մասին, որ քաղաքականության մեջ մշտապես գործել է և շարունակում է գործել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» ժողովրդական իմաստնությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում