Ստեփանակերտում կայացել է կրթական-տեխնոլոգիական «Artsakh STEM Expo 2023»-ը
Արցախի պետական համալսարանում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել «Գիտություն և մոտիվացիա» խորագրով «Artsakh STEM Expo 2023» կրթական-տեխնոլոգիական միջոցառումը:
Միջոցառման նպատակը բնագիտական, տեխնոլոգիական, «Ճարտարագիտություն» և «Մաթեմատիկա» առարկաների նկատմամբ դպրոցականների և ուսանողների հետաքրքրությունը մեծանելն է, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին նրանց ծանոթացնելն ու կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնելը։
Բացման արարողությանն Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը, ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար կարևորել է գիտության ու տեխնիկայի սրընթաց առաջընթացից հետ չմնալը:
Միջոցառմանը տեղի է ունեցել գիտական, ինժեներական և աշակերտական-ուսանողական խմբերի հետազոտական արտադրանքի և աշխատանքների ցուցահանդես: Պանելային քննարկումների ընթացքում էլ գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներն անդրադարձլ են իրենց փորձին, աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտում առկա հնարավորություններին, նոր միտումներին ու մասնագիտություններին:
Ըստ կազմակերպիչների՝ անցկացվելու է նաև Արցախում գործող գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում և սփյուռքում գործող տեխնոլոգիական ընկերությունների հետ կապերը և մենթորության հնարավորություն ստեղծել։
Միջոցառմանը մասնակցել են հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ուսանողներ, հետաքրքրված անհատներ
Կարծիքներ