Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը՝ Թբիլիսիի ժամանակով ուղիղ 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, հայտնում է «Sputnik-Վրաստանը»:
Վրաստանի քաղաքացիները ընտրում էին խորհրդարանի տասներորդ գումարման պատգամավորներ՝ 17 միամանդատ ընտրատարածքներից: Քվեաթերթիկներում նշված էին երկու թեկնածուների անուններ, որոնք առաջին փուլում լավագույն արդյունքներ են ցույց տվել:
Ընտրություններն անցել են ընդդիմության բոյկոտի պայմաններում, որը ընտրությունները համարում է կեղծված: Ընդդիմության կուսակցությունները պաշտոնապես հանել են իրենց թեկնածուներին, բայց նրանք մնացել են քվեաթերթիկում, քանի որ օրենսդրությունը այս փուլում հրաժարական չի նախատեսում:
Քվեարկությունը տեղի է ունեցել կորոնավիրուսային համավարակի պայմաններում՝ բոլոր ընտրողները, հանձնաժողովի անդամները եւ դիտորդները դիմակներով են եղել եւ պահել են հեռավորությունը:
Ընտրողների ընդհանուր թիվը 2 140 210 է, նրանք կարող էին քվեարկել 1923 ընտրատեղամասերում: Քվեարկությունը տեղի է ունեցել նաեւ կարանտինային գոտիներում եւ ինքնամեկուսացման մեջ գտնվողների համար: Նման ընտրողների համար ստեղծվել են լրացուցիչ 80 հատուկ տեղամասեր:
Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների, Թբիլիսիի ժամանակով ժամը 17:00-ին մասնակցությունը կազմել է 20,47%: Ընտրությունները կայացած կհամարվեն ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում:
Կարծիքներ