ԵՊՀ-ն բակալավրի 2461 տեղի համար առաջին փուլով 3159 դիմորդ ունի

ԵՊՀ-ն բակալավրի 2461 տեղի համար առաջին փուլով 3159 դիմորդ ունի

Երևանի պետական համալսարանը բակալավրիատի 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով կրկին առաջատար է հայաստանյան, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ մարզային բուհերի շարքում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Բակալավրի 59 կրթական ծրագրերի հայտարարված 2461 տեղի համար ընդունելության առաջին փուլով մենք ունենք 3159 դիմորդ։ Ընդ որում՝ անցյալ տարի ընդունելության առաջին փուլով մենք ունեցել ենք 2873 դիմորդ, այսինքն՝ այս տարի դիմումներն ավելացել են գրեթե 10 տոկոսով։

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ ավելի մեծ թվով դիմորդներ ունեցող կրթական ծրագրերի շարքում են նաև այն 6 ծրագրերը, որոնց դեպքում սահմանված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք։

Սա վստահաբար պայմանավորված է դիմորդների շրջանում պետության սահմանած առաջնահերթությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու վստահությամբ։

Հաջողություն եմ մաղթում մեր բոլոր դիմորդներին։ Մենք սպասում ենք ձեզ Երևանի պետական համալսարանում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում