Ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով կալանավորվել է Իգոր Խաչատուրովը. ՔԿ

Ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով կալանավորվել է Իգոր Խաչատուրովը. ՔԿ

Շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ  պարզվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է՝ Իգոր Յուրիի Խաչատուրովը:

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի. Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել էր Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը: 

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել էին ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ էին հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով վերջինս կորցրել էր գիտակցությունը: Նրանցից մեկը հենց Իգոր Յուրիի Խաչատուրովն է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում