Հայաստանի հանրակրթական դպրոցներից դեպի նոր կյանք կճանապարհվի շուրջ 21 հազար շրջանավարտ
Հայաստանի հանրակրթական դպրոցների շուրջ 21 հազար շրջանավարտի համար 2020-2021 թթ․ ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին և նրանց համար կազդարարվի նոր կյանքի սկիզբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ զրուցել է ուսումնական տարվա ավարտի, ինչպես նաև համավարակով պայմանավորված դասապրոցեսի շարունակականությունն ապահովելու մասին։
«Շրջանավարտների ակնկալվող թիվը 12-րդ դասարանցիների պարագայում կլինի շուրջ 20 800-ից մի փոքր ավելի, այսինքն՝ շուրջ 21 հազար: 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը կլինի շուրջ 33 հազար: Մեզ մոտ այս պահին Արցախի Հանրապետությունից մոտ 5000 աշակերտ կա, որոնք շարունակում են կրթություն ստանալ ՀՀ հաստատություններում և նրանց թվում էլ կան շրջանավարտներ»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։
Նա հավելեց, որ ուսումնական տարվա ավարտը միատեսակ չի լինելու։ 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին:
«Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին»,- ասաց Անդրեասյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությանը, որն այս օրերին կրկին նոր թափ է առնում, փոխնախարարը շեշտեց, որ արդեն 1 տարի շարունակ չի իրականացվել ամբողջական ուսումնական գործընթաց։
«Այս ընթացքում իրականացվել է կրթության շարունակականության ապահովմանն ուղղված գործընթաց։ 2020-2021 թթ․ ուսումնական տարին էլ մենք սկսեցինք ոչ ստանդարտ պայմաններում՝ դպրոցները գործում էին սահմանված սանիտարական կանոնների համաձայն։ Կարծում ենք, որ այն լուծումները, որոնց հանգել ենք՝ ամենաօպտիմալն են։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, մենք շարժվելու ենք նույն կանոնների համաձայն, եթե դպրոցում արձանագրվում են կորոնավիրուսով վարակման դեպքեր, որոնք ամբողջ հաստատության 10 տոկոս և ավելին են, ապա պետք է անցում կատարվի հեռավար ուսուցման։ Նույնն էլ վերաբերում է կոնկրետ դասարաններին։ Այսպիսով` մենք կարողանում ենք իրավիճակային լուծում կիրառել»,- ասաց Անդրեասյանը և հավելեց, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 100 և ավելի դպրոցից ընդամենը 6 դպրոցն է անցել հեռավար ուսուցման, ապա իրավիճակի կայունանալուց հետո կրկին վերադարձել առկա ուսուցման։
Փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճը շատ մտահոգիչ է համարում, ինչի համար բոլոր դպրոցներին ևս մեկ անգամ զգուշացվել է, որպեսզի խստիվ հետևեն հակահամաճարակային կանոններին։
Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը
Կարծիքներ