Google Play-ն արգելափակել է RT-ի և Sputnik-ի հետ կապված հավելվածները Եվրոպայում

Google Play-ն արգելափակել է RT-ի և Sputnik-ի հետ կապված հավելվածները Եվրոպայում

Google ընկերությունը Եվրոպայի տարածքում Google Play էլեկտրոնային խանութներից հեռացրել է Russia Today (RT) հեռուստաալիքի և Sputnik գործակալության հավելվածները: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Ընկերությունն արգելափակել է RT-ի և Sputnik-ի հետ կապված շարժական հավելվածներն իր էլեկտրոնային խանութում այն բանից հետո, երբ ավելի վաղ Google-ը հեռացրել է ռուսաստանյան պետական ԶԼՄ-ներն իրենց նորությունների գործառնություններից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում