ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով նվազում է պատվաստվող երեխաների թիվը․ ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տվյալներ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած պաշտոնական տվյալների՝ 23 միլիոն երեխա, այն է՝ լրացուցիչ 3․7 միլիոն ավելին քան 2019 թ.-ին, 2020 թ.-ին չի ստացել նախատեսված պլանային պատվաստումները։ Աշխարհում պատվաստումներին առնչվող վերջին տվյալներով, երկրների մեծամասնությունում նախորդ տարվա ընթացքում նվազել է պլանային պատվաստումների թիվը։
Մտահոգիչ է, որ տարվա ընթացքում մոտ 17 միլիոն երեխա, հավանական է, որ չի ստացել որևէ պատվաստում, այսպիսով ավելի ընդլայնելով պատվաստանյութերի հասանելիության արդեն իսկ գոյություն ունեցող հսկայական անհավասարությունը։ Այս երեխաներից շատերն ապրում են հակամարտություններից տուժած համայնքներում, վատ սպասարկվող հեռավոր վայրերում կամ ոչ ֆորմալ և տնակային պայմաններում, որտեղ նրանք առերեսվում են բազմակի զրկանքների, այդ թվում՝ սահմանափակ հնարավորություն ունեն օգտվելու առողջապահական և առաջնային սոցիալական ծառայություններից։
«Չնայած երկրները աղաղակում են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռք բերման մասին, այլ պատվաստումների առումով մենք հետ ենք մնացել, այսպիսով մեծացնելով երեխաների վարակվելու ռիսկը կործանարար, բայց կանխարգելիչ հիվանդություններով, ինչպիսիք են կարմրուկը, պոլիոմիելիտը կամ մենինգիտը», – նշել է ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Բոլոր տարածաշրջաններում 2020 թվականին աճել է այն երեխաների թիվը, ովքեր չեն ստացել կենսական նշանակություն ունեցող առաջին պատվաստումները, իսկ միլիոնավոր երեխաներ էլ չեն ստացել հետագա պատավաստումները։
2020 թ.-ին պատվաստումների գործընթացի խաթանումը լայն տարածում ուներ` հիմնականում ազդելով ԱՀԿ Հարավարևելյան Ասիայի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանների վրա։ Կրճատվել է առողջապահական ծառայությունների և պատվաստումների հասանելիությունը, աճել է այն երեխաների թիվը, ովքեր չեն ստացել նույնիսկ իրենց առաջին պատվաստումները: 2019 թ.-ի համեմատ՝ 3․5 միլիոն երեխա չի ստացել դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ (DTP-1) պատվաստումը, իսկ 3 միլիոնով ավելի երեխա չի ստացել կարմրուկի դեմ պատվաստումը։
«Այս փաստերը հստակ նախազգուշացում են. ՔՈՎԻԴ-19 համավարակն ու դրա հետևանքով առաջացող խաթարումները մեզ վրա ծանր են նստում, իսկ պարտվել մենք չենք կարող. այս ամենի համար վճարելու են առավել խոցելի մարդիկ իրենց կյանքով և բարեկեցությամբ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Անգամ համավարակից առաջ անհանգստացնող նշաններ կային, որ մենք դիրքերը սկսում ենք կորցնել պատվաստումների միջոցով երեխաների կանխարգելելի հիվանդությունների դեմ մեր պայքարում, այդ թվում` երկու տարի առաջ կարմրուկի համատարած բռնկումներ էին: Համավարակը վատթարացրել է իրավիճակը»:
Դիֆթերիա-փայտացում-կարմրախտի համակցված պատվաստում (DTP-1) չստացող երեխաների ամենամեծ թիվն ունեն Հնդկաստանը, Պակիստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Մեքսիկան, Մոզամբիկը, Անգոլան, Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը, Արգենտինան, Վենեսուելան և Մալին: Տվյալները փաստում են, որ միջին եկամուտ ունեցող երկրներին այժմ բաժին է ընկնում պատվաստումներով չպաշտպանված երեխաների աճող մասնաբաժինը, այսինքն՝ այս երկրներում երեխաները չեն ստանում առնվազն որոշ պատվաստումների նախատեսված չափաբաժինները:
Ի հայտ է գալիս կարմրուկի և պատվաստումների միջոցով կանխարգելվող այլ հիվանդությունների վերածնունդ:
Անգամ նախքան ՔՈՎԻԴ-19 համավարակը, դիֆթերիայի, փայտացման, կարմրուկի, կարմրախտի և պոլիոմիելիտի դեմ մանկական պլանային պատվաստումների համաշխարհային մակարդակն անփոփոխ էր մի քանի տարի՝ գրանցելով մոտ 86 տոկոս: Այս ցուցանիշը, կարմրուկից պաշտպանվելու համար, ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող 95 տոկոսից բավականին ցածր էր:
Քանի որ բազմաթիվ ռեսուրսներ և անձնակազմ է ուղղվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համար, աշխարհի շատ մասերում զգալի խափանումներ են եղել իմունականխարգելման ծառայությունների մատուցման հարցում: Որոշ երկրներում առողջապահական հիմնարկությունները փակվել են, կամ կրճատվել են աշխատանքային ժամերը, զուգահեռաբար, մարդիկ հավանաբար դժկամությամբ են դիմել բուժօգնության՝ վարակի փոխանցման վախի պատճառով կամ խնդիրներ են ունեցել բուժօգնություն դիմելիս՝ արգելափակումների և տրանսպորտային խափանումների պատճառով:
Գործակալությունները կոչ են անում շտապ վերականգնել և ներդրումներ անել հօգուտ պլանային պատվաստումների վերականգնման:
Մինչ երկրներն աշխատում են վերականգնվել ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված խափանումներից հետո, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Գավին՝ պատվաստանյութերի դաշինքը, աջակցում են իմունականխարգելման ոլորտն ամրապնդելու համար իրականացվող ջանքերին հետևյալ կերպ՝
Պլանային պատվաստումների թեմայով հանրային արշավների վերականգնմամբ, որպեսզի երկրները կարողանան անվտանգ կերպով իրականացնել պատվաստումների պլանային ծրագրերը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում:
Աջակցելով առողջապահական ոլորտի աշխատակիցներին և համայնքների ղեկավարներին՝ ակտիվ կապ պահել ծնողների հետ՝ բացատրելու պատվաստումների կարևորությունը:
Իմունականխարգելման ծածկույթի բացերի շտկմամբ, այդ թվում՝ այն համայնքների և անձանց աջակցելով, ովքեր համավարակի ընթացքում բաց են թողել պատվաստումները:
Ապահովելով, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի առաքումը պլանավորվի և ֆինանսավորվի առանձին, և դա տեղի ունենա զուգահեռաբար, այլ ոչ թե մանկական պլանային պատվաստումների ծառայությունների գնով:
Գործակալությունները համագործակցում են երկրների հետ՝ Իմունականխարգելման համաշխարհային օրակարգ 2030-ի հավակնոտ նպատակները իրականացնելու համար, որպեսզի ապահովվի մանկական պլանային պատվաստումների 90 տոկոս ծածկույթ:
Կարծիքներ