Լիտվան կարող է փակել Բելառուսի հետ սահմանին գտնվող մի քանի հսկիչ անցակետ
Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավար Լաուրինաս Կասչյունասը LRT ռադիոյի եթերում հայտարարել է, որ Լիտվան «հաստատ կփակի» Բելառուսի հետ սահմանի մի քանի սահմանային անցակետեր, և որ դա «ընդամենը ժամանակի հարց է»։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:
Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հնարավոր է համարել Բելառուսի հետ սահմանի փակումը այնտեղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գտնվելու պատճառով, բայց միայն Լեհաստանի և Լատվիայի հետ համակարգմամբ:
«(Խմբ․՝ Բելառուսի հետ սահմանին գտնվող) առանձին անցակետերի փակումն ընդամենը ժամանակի հարց է: Դա հաստատ կարվի: Ես, գուցե, այժմ չմանրամասնեմ՝ որոնք, բայց եթե իրոք տեսնենք, որ իրավիճակը թեժանում է, որոշում կընդունվի նաև սահմանի ամբողջական փակման մասին», - ասել է Կասչյունասը։
Նրա խոսքով՝ ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը «դեռ մի քանի ամիս առաջ» էր հանձնարարել մտածել Բելառուսի հետ սահմանին մի քանի անցակետերի փակման մասին։
Հուլիսի վերջին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին անհանգստություն էր հայտնել, որ Բելառուսում տեղակայված «Վագներ» խմբի մարտիկները Լեհաստան կներթափանցեն անօրինական միգրանտների անվան տակ։ Նա հայտարարել էր, որ Լեհաստանը տեղեկություններ ունի, թե «Վագներ»-ի խմբից ավելի քան 100 մարտիկ, իբր, առաջ են շարժվել դեպի բելառուսական Գրոդնո քաղաքից ոչ հեռու գտնվող Սուվալկի միջանցք։ Մորավիեցկին հայտարարել էր, որ «սա քայլ է դեպի հետագա հիբրիդային գրոհ Լեհաստանի տարածքի վրա»։
Կարծիքներ