Fitch-ը Բայդենի օրոք պատժամիջոցների մեծ սպառնալիք է կանխատեսում Ռուսաստանի համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ռիսկը կմնա բարձր, գրում է միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը: Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:
«ԱՄՆ պատժամիջոցները Բայդենի օրոք կշարունակեն սահմանափակել Ռուսաստանի ինքնիշխան վարկունակությունը: ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցների ռիսկը շարունակում է մնալ բարձր, չնայած որ ցանկացած նոր պատժամիջոց կարող է ավելի թիրախավորված լինել և մաս կազմել ԱՄՆ արտաքին քաղաքականության ավելի բազմակողմ մոտեցման»,- ասված է գործակալության հաղորդագրությունում։
Գործակալության կարծիքով՝ պետք չէ ակնկալել պատժամիջոցների անմիջապես կիրառում, քանի որ Բայդենը նախ կլուծի կորոնավիրուսի համավարակի և երկրում ստեղծված ներքին իրավիճակի հետ կապված «հրատապ խնդիրներ»: Բացի այդ, նրա վարչակազմին ժամանակ է հարկավոր Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը զարգացնելու համար, ներառյալ ռազմավարական զենքի կրճատման պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները, որն ավարտվում է փետրվարի 5-ին:
Fitch-ը նշում է, որ ԱՄՆ տարբեր օրենսդրական ակտեր երկկուսակցական աջակցությամբ կարող են օգտագործվել Ռուսաստանի սուվերեն պարտքի, ֆինանսական հաստատությունների և պետական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Միևնույն ժամանակ, գործակալությունը հնարավոր չի համարում այնպիսի պատժամիջոցները, որոնք կխանգարեն գոյություն ունեցող սուվերեն պարտքի սպասարկմանը:
Կարծիքներ