ԵՄ-ն դատապարտել է Սիրիայում անվտանգության ուժերի վրա հարձակումները

Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներին և կոչ է արել պաշտպանել սիրիացի խաղաղ բնակիչներին:
Այս մասին ասվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ։
«ԵՄ-ն խստորեն դատապարտում է վերջին հարձակումները, որոնք ենթադրաբար իրականացվել են ասադամետ տարրերի կողմից Սիրիայի ափամերձ շրջաններում ժամանակավոր կառավարական ուժերի դեմ, ինչպես նաև ցանկացած բռնություն խաղաղ բնակիչների նկատմամբ: Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ն նաև կոչ է արել արտաքին ուժերին հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Անցած հինգշաբթի օրվանից սկսած Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։
Ուրբաթ գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա, բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները սրման ֆոնին պարետային ժամ են սահմանել։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի և Տարտուսի զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին։
Արևմտամետ Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը (SOHR) պնդում է, որ վերջին օրերին 745 խաղաղ բնակիչ է սպանվել ափամերձ Սիրիայում։
Իրավիճակը Սիրիայում ծայրաստիճան լարված է:
Կարծիքներ