ԼՂ-ում հակառուսաստանյան տրամադրություններ են, ՌԴ-ն ինքն է ձևավորում իր հանդեպ վերաբերմունքը. Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղում արևմտամետ տրամադրություններ չկան, բայց այնտեղ հակառուսաստանյան տրամադրություններ են ի հայտ եկելլ։
Այս մասին «Новая газета Европы» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով.
«Լեռնային Ղարաբաղում արևմտամետ տրամադրություններ չկան։ Սորոս չկա։ ՆԱՏՕ-ի փոխարեն այնտեղ ռուսաստանյան խաղաղապահ զորախումբն է։ Եվ, այդուհանդերձ, այնտեղ հակառուսաստանյան տրամադրություններ են առաջացել։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ։ Հե՛նց Ռուսաստանի պատճառով, ոչ թե Արևմուտքի։ Ռուսաստանն ինքն է ձևավորում իր հանդեպ վերաբերմունքը»:
Ըստ նրա, իրավիճակի ամենաողբերգական կողմն այն է, որ մարդիկ խոսում են էթնիկական զտումների մասին այն դեպքում, երբ ռուս խաղաղպահները գտնվում են Ղարաբաղում։
«Նրանք հույս չունեն, թե իրենց կփրկեն։ Երկրորդ հնարավորությունը միջազգային հանրությունն է։ Հայաստանն արդեն վաղուց է առաջարկում միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Ղարաբաղ»,- ասել է Գրիգորյանը։
Հարցին, թե այդ դեպքում՝ ի՞նչ նպատակ են հետապնդում ռուսները Ղարաբաղում և որպես օրինակ՝ հնարավո՞ր է՝ ուզում են օգնել Ալիևին Զանգեզուրի միջանցք բացել դեպի թուրքական կողմ՝ միջանցքով, պատժամիջոցները շրջանցելով անցլկացնել ռուսաստանյան գազը, Գրիգորյանն ասել է.
«Բայց դա արդեն տեղի է ունենում, գազն արդեն գնում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների շրջանակում։ Կարծում եմ՝ բանը դրանում չէ, կամ առնվազն՝ ոչ միայն դրանում: Ամեն դեպքում, Հայաստանը երբեք չի համաձայնի իր տարածքով արտատարածքային միջանցքին։ Մեզ համար դա կարմիր գիծ է»:
Կարծիքներ