Ճապոնացի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից քաղծառայողների վարքականոնները խախտելու համար

Ճապոնիայի վարչական գործերի և կապի փոխնախարար Յասուհիկո Տանիվակին հեռացվել է պաշտոնից քաղծառայողների վարքականոնները խախտելու պատճառով: 2018-2020 թվականներին նա երեք անգամ ընթրել է երկրի ամենամեծ NTT հեռահաղորդակցական ընկերության ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ փոխնախարարի համար վճարել են NTT-ի ներկայացուցիչները՝ 107 հազար իեն (987 դոլար):
Գործող օրենսդրությունն արգելում է պետական պաշտոնյաներին ցանկացած տեսակի նվերներ ստանալ այն ոլորտի ընկերությունից, որը գտնվում է իրենց հսկողության ներքո:
Մարտի սկզբին էլ Ճապոնիայի կառավարության հասարակության հետ կապերի քարտուղար Մակիկո Յամադան հրաժարական տվեց՝ կապված երկրի վարչապետի որդու՝ Սեյգո Սուգայի հետ ընթրիքին իր ոչ պատշաճ մասնակցության սկանդալի հետ:
2019-ին Սեյգո Սուգան աշխատում էր Tohokushinsha Film պրոդյուսերական ընկերությունում և Յամադային հրավիրել էր ընթրիքի՝ վճարելով ավելի քան 70 հազար իեն (մոտ 650 դոլար): Այդ ժամանակ Յամադան Ճապոնիայի ներքին գործերի և կապի նախարարության ավագ պաշտոնյա էր և հեռարձակման լիցենզիաներ էր տրամադրում պրոդյուսերական ընկերություններին:
Վարչապետ Սուգան ստիպված էր հրապարակավ ներողություն խնդրել այդ սկանդալում որդու ներգրավվածության համար:
Կարծիքներ