Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP-ի իրագործմամբ. Փաշինյանը՝ Բիշքեկում
Իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբևեռ, և դա է հավասարակշռությունը, ասել է թե՝ կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։ Այդ մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին՝ Հայաստանի նման փոքր պետությունը ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբևեռ աշխարհի կառուցմանը, Փաշինյանը նկատեց, որ հարցին ՀՀ-ն գործնական պատասխան է տալիս՝ վարելով բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, այն է՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն:
«Այդ քաղաքականության իմաստը հետևյալն է. երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության և անկախության բարդություններով լեցուն ճանապարհին:
Նման քաղաքականության հիմնական նպատակը ինքնիշխանությունը և անկախությունը պահպանելն ու ուժեղացնելն է, և այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, և բազմաբևեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես: Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարևան Իրանի և Վրաստանի հետ՝ մենք գնում ենք մեր մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով: Սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ:
Հիմա մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին: Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արևելքից արևմուտք, այսինքն՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին, այնպես, որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասաց նա:
Վերադառնալով բազմաբևեռ քաղաքականությանը՝ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Ղազախստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ, իսկ Հնդկաստանի և Իրանի հետ ՀՀ-ի հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա աշխատանք է իրականացվում դրա փաստաթղթային ձևակերպման ուղղությամբ:
«ՀՀ-ն կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը՝ ընդգծելով ՄԱԿ-ի առանցքային դերը բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում»,- ասաց նա՝ բոլոր ներկաներին հրավիրելով հոկտեմբերին ՄԱԿ-ի հովանու ներքո ՀՀ-ում կայանալիք Կենսաբազմազանության COP-17 համաժողովին:


Կարծիքներ