Աշխարհի երկրների առաջին դեմքերը, որոնք վարակվել են COVID-19-ով 2020-2021 թվականներին

Աշխարհի երկրների առաջին դեմքերը, որոնք վարակվել են COVID-19-ով 2020-2021 թվականներին

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ներկայացրել է աշխարհի երկրների առաջին դեմքերի ցուցակը, որոնք վարակվել են COVID-19- ով 2020-2021 թվականներին:
 
2021

Մարտի 8-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կինը՝ Ասման վարակված են կորոնավիրուսով: Սիրիայի նախագահի գրասենյակը պարզաբանել է, որ Բաշար ալ-Ասադն ու նրա կինը գտնվում են լավ, կայուն վիճակում:

Հունվարի 25-ին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Փետրվարի 8-ին Մեքսիկայի նախագահը, երկշաբաթյա մեկուսացումից հետո, կրկին հայտնվել է հասարակության առջև և վերսկսել է իր գործունեությունը:

Հունվարի 12-ին հայտնի էր դարձել, որ Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դի Սոուզան կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել: Նախագահը հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել: Հունվարի 16-ին Մարսելո Ռեբելո դե Սուզայի թեստի պատասխանը բացասական է եղել:

Հունվարի 5-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մոտ, որն այդ ժամանակ գտնվում էր Լոնդոնում, ախտորոշվել է կորոնավիրուս: Հիչվանդությունը նախագահի մոտ ծանր է անցել, նա հոսպիտալացվել էր, սակայն փետրվարի 13-ին վերադարձել է Հայաստան և շարունակել է բուժումը Երևանում:


2020


Դեկտեմբերի 30-ին Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Մեկ շաբաթ տևած բուժումից հետո՝ հունվարի 25-ին, վարչապետի մոտ դրական դինամիկա էր նկատվել: Փետրվարի 23-ին հաղորդվել էր, որ Անկվաբը շարունակում է իր վերականգնողական կուրսը Մոսկվայի կլինիկայում:

Դեկտեմբերի 27-ին Աբխազիայի Նախագահ Ասլան Բժանիայի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Հունվարի 12-ին հայտնի էր դարձել, որ Ասլան Բժանիան առողջացել է:

Դեկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ կորոնավիրուսային հիվանդություն էր ախտորոշվել: Որոշ ժամանակ մեկուսացումից հետո Ֆրանսիայի նախագահը վերականգնվել էր:

Դեկտեմբերի 8-ին Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի մոտ էր հայտնաբերվել COVID-19:

Նոյեմբերի 24-ին Բելիզի վարչապետ Ջոն Բրիսենիոն էր վարակվել կորոնավիրուսով: Ինքնամեկուսացումից հետո նա առողջացել էր:

Նոյեմբերի 9-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով: Նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել նրա ապաքինման մասին:

Նոյեմբերի 2-ին կորոնավիրուսային վարակ էր հաստատվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի մոտ: Նոյեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ նա ապաքինվել է:

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը հոսպիտալացվել էր հոկտեմբերի 28-ին: Նոյեմբերի 16-ին հայտնի է դարձել նրա ապաքինման մասին:

Հոկտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը վարակվել է կորոնավիրուսով: Նոյեմբերի 10-ին հայտնի է դարձել, որ վարչապետը վերականգնվել է:

Հոկտեմբերի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Նոյեմբերի 4-ին հայտնի է դարձել նրա ապաքինման մասին:

Հոկտեմբերի 23-ին Կոլումբիայի փոխնախագահ Մարտա Լուսիա Ռամիրեսը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է COVID-19: Նոյեմբերի 4-ին հայտարարել է առողջանալու մասին:

Հոկտեմբերի 17-ին հայտնի էր դարձել, որ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը վարակված է կորոնավիրուսով: Առողջացման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 30-ին:

Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր և կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Հոկտեմբերի 11-ին հայտնի է դարձել նրա ապաքինման մասին:

Հուլիսի 28-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարակվել է COVID-19- ով: Հիվանդությունն առանց ախտանիշների է եղել:

Հուլիսի 9-ին Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսը COVID-19- ի դրական թեստ էր հանձնել: Հուլիսի 28-ին Անյեսը հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից:

Հուլիսի 7-ին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Հուլիսի 25-ին Բոլսոնարոն հայտարարել է հերթական թեստի բացասական արդյունքի մասին:

Հունիսի 18-ին կորոնավիրուս  էր հաստատվել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ: Հուլիսի 2-ին նա առողջացել է:

Հունիսի 17-ին Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի և նրա կնոջ մոտ ախտորոշվել էր COVID-19:  Հուլիսի 2-ին նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից:

Ապրիլի 30-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էր վարակվել կորոնավիրուսով: Մայիսի 19-ին նա լիովին առողջ էր:

Մարտի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր կորոնավիրուսով վարակվելու մասին: Ապրիլի 12-ին Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել Լոնդոնի հիվանդանոցից:

Մարտի 25-ին բրիտանացի արքայազն Չարլզը կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել: Մարտի 30-ին արքայազնը վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից:

Մարտի 19-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդի մոտ: Մարտի 31-ին հայտնի է դարձել նրա ապաքինման մասին:

Մարտի 11-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել  Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի մոտ: Մարտի 15-ին հայտնի է դարձել նրա ապաքինման մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում