Քննարկվել են Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկի գլխավորած պատվիրակությանը:

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին մասնակցելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի հետ համագործակցության խորացումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ առանցքային է բարեփոխումների օրակարգը, այդ թվում՝ լավագույն եվրոպական փորձի ներդրմամբ, որի շրջանակում դիտարկվում է նաև Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների (Լեհաստան, Սլովակիա, Չեխիա, Հունգարիա)՝ ժողովրդավարության և շուկայական տնտեսության անցման հաջողված փորձը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Այս համատեքստում նա մասնավորապես շեշտել է քաղաքացիական հասարակության կողմից կյանքի կոչվող ծրագրերի՝ ոլորտային քաղաքականության առաջնահերթություններին համահունչ լինելու առաջնահերթությունը։

Նախարարի տեղակալն առաջարկել է տեղեկատվական աջակցություն հիմնադրամի կողմից տրվող դրամաշնորհների և կրթաթոշակների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հանրային իրազեկության բարձրացումը կնպաստի Հայաստանից ներկայացվող հայտերի ավելացմանը։

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը Հայաստանում ոլորտային բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման և արտաքին քաղաքականության առումով, այդ թվում՝ Վիշեգրադյան խմբի անդամ հանդիսացող երկրների հետ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում երկկողմ և առհասարակ Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Անդրադառնալով Վիշեգրադյան խմբի շրջանակում համագործակցության զարգացմանը՝ նախարարի տեղակալը կարևորել է՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման խթանման առումով ազդակներ ստացվել են նաև քաղհասարակության կողմից։

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար: Նրա խոսքով՝ հիմնադրամի նպատակն է խթանել և զարգացնել համագործակցությունը գիտության, հետազոտության, կրթության և երիտասարդության փոխանակման ոլորտներում ինչպես նշված չորս երկրների, այնպես էլ հիմնադրամի համար առաջնային թիրախ համարվող Արևմտյան Բալկանների երկրների և գործընկեր այլ պետությունների միջև:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթաթոշակային տարբեր ծրագրերին, որոնք նախատեսված են Վիշեգրադյան չորս երկրների՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, և գործընկեր պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների և համապատասխան քաղաքացիություն ունեցող հետազոտողների, ուսումնասիրողների և սովորողների համար։ Հայաստանի Հանրապետությունը ևս, ի թիվս Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և մի շարք այլ երկրների, ընդգրկված է ծրագրում:

Մայա Վավժիկը տեղեկացրել է՝ Վիշեգրադի կրթաթոշակները նախատեսված են բակալավրիատում, մագիստրատուրայում սովորող ուսանողների և հետազոտողների համար՝ մինչև չորս կիսամյակ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավելի քան 190 բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով: Այս համատեքստում կողմերը կարևորել են Հայաստանից ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվածությունը ծրագրին:

Նշվել է նաև, որ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամն աջակցում է Հայաստանի բուհերի և քառյակի անդամ երկրների բուհերի միջև համագործակցության խորացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում