Փարաքարում կայացել է նորակառույց միջնակարգ դպրոցի բացումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա են եղել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:
Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել են իրականացված աշխատանքներին և ուսուցման գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
Դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, որի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: 576 աշակերտի համար նախատեսված դպրոցն ապահովվել է ժամանակակից սարքավորումներով: Մասնավորապես՝ նորակառույց ուսումնական հաստատությունն ամբողջությամբ հագեցվել է նոր գույքով, ապահովված է բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով, ունի մարզադահլիճ՝ համապատասխան կահավորմամբ։ Փարաքարի նոր դպրոցը պետական ծրագրի շրջանակում ստացել է նաև նոր հեծանիվներ, որոնք կօգտագործվեն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցի շինարարության ավարտի առթիվ և վստահություն հայտնել՝ որակյալ կրթությունը երեխաների բարեկեցիկ և երջանիկ հեռանկարի գրավականն է, իսկ դպրոցը՝ կարևոր միջավայր լավ ապագայի հիմք դնելու համար:
Վարչապետն անդրադարձել է նաև 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու պետական ծրագրին և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին:
Կարծիքներ