Շրի Լանկայի նախկին նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել՝ կապված 2019 թվականի ահաբեկչությունների հետ
Շրի Լանկայի նախկին նախագահը եւ հետախուզության նախկին ղեկավարը պետք է պատասխան տան, որ չեն կարողացել 2019-ին Զատկի կիրակի օրը կանխել ահաբեկչությունները, որոնք 279 մարդու կյանք են խլել, հայտնում է AFP-ն:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ անցյալ տարի պաշտոնից հեռացած Մայտրիպալա Սիրիսենան անփութություն է ցուցաբերել: Ահաբեկչություններից հետո հայտնի է դարձել, որ Հնդկաստանի հետախուզական ծառայությունը հարձակումից 17 օր առաջ նախազգուշացրել էր Շրի Լանկայի իշխանություններին այդ մասին:
Նախագահի քննչական հանձնաժողովի զեկույցում ասվում է, թե «հավանականության հավասարակշռությունն» այն է, որ հետախուզության պետը նախքան հարձակումները Սիրեսենային տեղեկացրել է նախազգուշացումների մասին: Հանձնաժողովը, որը երեքշաբթի օրը լսել է 440 վկայի եւ իր զեկույցը փոխանցել խորհրդարանին, նշել է, որ գլխավոր դատախազը պետք է «Քրեական օրենսգրքի ցանկացած համապատասխան դրույթով քրեական գործ հարուցի (նախկին) նախագահ Սիրիսենայի դեմ»:
Սիրիսենան, որն այժմ իշխող կուսակցությունից պատգամավոր է, նախկինում հերքում էր, որ իմացել է նախազգուշացումների մասին:
Հետաքննությունը պարզել է նաեւ, որ հետախուզության նախկին ղեկավար Նիլանտա Ջայավարդենան քրեական պատասխանատվություն է կրում Հնդկաստանի հետախուզության նախազգուշացումներին չարձագանքելու համար: Զեկույցում ասվում է, որ Ջայավարդենան «մեղմացրել է Հնդկաստանից հետախուզական տվյալների կշիռը»:
Անփութության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի նաեւ ոստիկանության նախկին գլխավոր տեսուչ Պուջիտ Ջայասունդարան:
Զեկույցում ասվում է, որ համակարգված պայթյունները ֆինանսավորվել են տեղի համեմունքների վաճառականի ընտանիքի կողմից, որի երկու որդիները մահապարտ ահաբեկիչների մեջ են եղել:
Հարձակումից երկու օր անց «Իսլամական պետություն» խմբավորումը իր վրա էր վերցրել պատասխանատվությունը, բայց քննիչները ասում են, որ իրենք ուղիղ կապ չեն գտել տեղի ջիհադականների եւ ԻՊ-ի միջեւ:
Հարձակումները ղեկավարել է իսլամիստ Զահրան Հաշիմը, որին ճանաչում են Շրի Լանկայի հակաահաբեկչական ոստիկանությունն ու հետախուզական ստորաբաժանումները:
Կարծիքներ