Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացումը` հաշվի առնելով ՌԴ նախագահի դեկտեմբերի 6-ի այցի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը քննարկել են նաև Գազայի հատվածին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու քայլերը։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում շարունակվող ռազմական առճակատման ֆոնին քննարկվել են Գազայի հատվածին հավելյալ հումանիտար օգնություն տրամադրելու քայլերը։ Ռուսաստանը և ԱՄԷ-ն կիսում են սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ շուտափույթ զինադադարի և քաղաքական բանակցությունների վերսկսման։ Հաստատվել է միջազգայնորեն հայտնի իրավական հիմքերի վրա պաղեստինյան հիմնախնդրի երկարաժամկետ և արդարացի լուծման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրույցելիս՝ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանին՝ գերեվարված անձանց փոխանակման հարցում միջնորդական օգնության համար։
Կարծիքներ