Վթարի ենթարկվելու հետեւանքով 4 զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ 43-10» մակնիշի ավտոմեքենան, ուսումնական պարապմունքներից մշտական տեղակայման վայր վերադառնալիս, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը մահացել էին, իսկ թվով 22 զինծառայողներ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Վթարի հետեւանքով պատճառված գույքային վնասը կազմել է 2.925.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ առաջացնելու համար մեղադրանք է առաջադրվել՝ զորամասի ավտոծառայության նախկին պետ, մայոր Գ.Չոբանյանին, տեխնիկական մասի պետ-հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Պ.Աթոյանին, նյութաապահովման վաշտի առբերման դասակի պարենի, իրային, ռազմատեխնիկական գույքի առբերման ջոկի նախկին հրամանատար-վարորդ, պայմանագրային զինծառայող Ս.Սիմոնյանին, հսկիչ-տեխնիկական կետի պետ, ավագ Գ.Ջուլհակյանին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Կարծիքներ