Բարեգործական կազմակերպությունը Ռոնալդուի սկանդալային արարքից հետո դադարեցրել է համագործակցությունը նրա հետ

Բարեգործական կազմակերպությունը Ռոնալդուի սկանդալային արարքից հետո դադարեցրել է համագործակցությունը նրա հետ

Մեծ Բրիտանիայի Save the Children բարեգործական կազմակերպությունը հրաժարվել է համագործակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Դա տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի` «Էվերթոնի» հետ խաղից հետո տեղի ունեցած սկանդալային միջադեպի պատճառով։ Ռոնալդուն խաղից հետո, լքելով խաղադաշտը, հարվածել էր 14-ամյա երկրպագուի ձեռքին և ջարդել նրա հեռախոսը։ Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ ակումբը հետաքննություն է սկսել այս գործով։

Պորտուգալացին արդեն ներողություն է խնդրել միջադեպի համար՝ երկրպագուին հրավիրելով «Օլդ Թրաֆորդում» կայանալիք իրենց խաղերից մեկին․

«Երբեք հեշտ չէ կառավարել զգացմունքները դժվար պահերին։ Այդուհանդերձ, մենք միշտ պետք է հարգալից և համբերատար լինենք՝ օրինակ ծառայելով այն երիտասարդներին, ովքեր սիրում են այս գեղեցիկ խաղը։ Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ բռնկման համար, և եթե հնարավոր է, կցանկանայի երկրպագուին հրավիրել «Օլդ Թրաֆորդում» խաղ դիտելու՝ ի նշան արդար խաղի»,- գրել էր Ռոնալդուն։

Ամեն դեպքում պորտուգալացու այս խոսքերը շատ մեծ ազդեցություն չեն գործել: The Sun-ը հայտնում է, որ կազմակերպությունը հանել է պորտուգալացու՝ դեսպաններից մեկի կարգավիճակից, չնայած այն բանին, որ նրանք միասին աշխատում են արդեն 9 տարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում