Երկիր մոլորակի ուղեծրում Հայաստանի արբանյակը կմնա առնվազն 4 տարի
Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերումը կարևոր ենթակառուցվածք է երկրում ոլորտի զարգացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
«Այս գործընթացը երկար ժամանակ է սկսվել, սակայն առավել ակտիվ եղել է 2022 թվականի ընթացքում: Այն կարևոր ենթակառուցվածք է երկրում տիեզերական էկոհամակարգի ձևավորման համար: Խորհրդային տարիներին Հայաստանի գիտնականները մեծ ձեռքբերումներ են գրանցել այս ոլորտում, այժմ, հաշվի առնելով ունեցած նախկին փորձը, ձգտում ենք վերականգնել նախկին հաջողությունները: Էկոհամակարգը բազմաշերտ է, այն ենթադրում է տիեզերական սարքավորումների արտադրություն, ծրագրային միջոցների մշակումը և այլն: Հայաստանն ունի այդ պոտենցիալը»,-ասաց փոխնախարարն՝ ավելացնելով, որ խնդիր է դրված նպաստել ոլորտում ձեռնարկությունների ակտիվացմանն ու զարգացմանը:
Ոլորտի զարգացման աշխատանքներում կարևոր բաղադրիչ է արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայանի ստեղծումը: Նախարարի տեղակալը նշեց, որ մի շարք ուղղություններով բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Հայաստանում ոլորտի ակտիվացման ու զարգացման համար: Արդեն կան ոլորտի ձեռնարկություններ, որոնք արդյունքներ են գրանցել ֆինանսական շոշափելի միջոցներ են ներգրավելու առումով: Նրանք հաջողություններ ունեն ոչ միայն Հայաստանի շուկայում, այլև դրսում:
Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերման գործընթացի վերաբերյալ նախարարի տեղակալը մանրամասներ չներկայացրեց՝ հաշվի առնելով գաղտնիությունը: Միայն նշեց, որ արբանյակը մոլորակի ուղեծրում կմնա առնվազն 4 տարի:
Կարծիքներ