Երևանի սուրճի գործարանում հրդեհի հետևանքով այրվել են կակաոյի պարկեր, կենցաղային իրեր, ջերմահարվել են պատերը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։
ԱԻՆ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցի թիվ 86 հասցեում՝ «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի շենքի 3-րդ հարկում (մոտ 300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:20-ին: Մոտ 100 քմ տարածքում այրվել են կակաոյով պարկեր, ձկան պահածոններ, աղացներ և պատուհանների շրջանակներ (3 հատ), իսկ մոտ 50 քմ տարածքում ջերմահարվել՝ կենցաղային իրեր և պատերը։
Կարծիքներ