Հյուսիսային Իրաքի եզդիները հուղարկավորել են իրենց համայնքի 104 անդամի
Հյուսիսային Իրաքի եզդիների համայնքը տուն է վերադարձրել իր 104 անդամների մնացորդները, որոնք սպանվել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին, հաղորդում է BBC-ն:
Սպանվածների ինքնությունը պարզվել էր եւ նրանց աճյուններն արտաշիրիմվել էին զանգվածային գերեզմաններից եւ վերջին հանգրվանը գտել Սինջար շրջանի Քոչո գյուղում:
Բոլոր 104 զոհերը տղամարդիկ էին՝ սպանված 2014 թվականի օգոստոսին, նշում է հեռուստաալիքը՝ մեջբերելով եզդիական կազմակերպության ղեկավար Խաիրի Ալիի խոսքերը:
Զոհերի հետ հրաժեշտի արարողությունը կայացել է Բաղդադում՝ անհայտ զինվորի հուշարձանի մոտ, որից հետո նրանց աճյունները վերադարձրել են տուն՝ Քոչո:
2014 թվականին հազարավոր տղամարդիկ, կանայք եւ երեխաներ են ստրկացվել, ենթարկվել սեռական բռնության, երբ ԻՊ-ն գրավել էր եզդիների հայրենիքը:
ՄԱԿ-ը ճանաչել է եզդիների համայնքի դեմ տեղի ունեցածը՝ որպես ցեղասպանություն:
Համաձայն ԻՊ օկուպացիայից առաջ առկա տվյալների՝ Իրաքում բնակվել է շուրջ 550 000 եզդի: Շուրջ 360 000 եզդի ստիպված էր փախուստի դիմել եւ ապաստան փնտրել ուրիշ երկրներում:
Կարծիքներ