«Ուրարտու»-ի ավագը հեռանում է թիմից
«Ուրարտու»-ի պաշտպան, թիմի ավագ Հակոբ Հակոբյանը լքում է ակումբը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։
Հակոբյանն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է, երկար տարիներ նա պաշտպանել է հարազատ թիմի գույներն ու պատիվը, վերջին տարիներին էլ, լինելով թիմի առաջատարը, կատարում էր ավագի պարտականությունները։ «16 տարի առաջ ես իմ առաջին քայլերը ֆուտբոլում արեցի հենց այստեղ՝ «Ուրարտուում»։ Այս տարիների ընթացքում ես կրթվել ու դաստիարակվել եմ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ, ինչի համար անչափ շնորհակալ եմ ակումբին։ 2014 թվականին իրականացավ իմ մանկության մեծագույն ցանկություններից մեկը՝ առաջին անգամ հրավիրվեցի գլխավոր թիմ։
Շատ լավ եմ հիշում իմ առաջին հանդիպումը․ խաղում էինք «Արարատի» հետ, հաղթեցինք 2-1 հաշվով, ես էլ խաղաժամանակ ստացա հանդիպման վերջին րոպեներին, իսկապես աննկարագրելի զգացողություններ էին։ Հենց այդ տարի մենք դարձանք Հայաստանի չեմպիոն։ Հիշարժան էր նաև 2015/16- մրցաշրջանը․ մենք նվաճեցինք Հայաստանի գավաթը։ Այդ ժամանակ ես արդեն ամրապնդվել էի՝ որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Իհարկե, չեմ կարող չնշել նաև վերջին տարիները, երբ մեծ ուրախությամբ, հպարտությամբ ու պատասխանատվությամբ կրում էի թիմի ավագի թևկապը։ Բայց սա սպորտ է, և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման և միշտ նայել ու շարժվել առաջ»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը:
Կարծիքներ