Էրդողանին վիրավորելու համար Քըլըչդարօղլուին կարող է սպառնալ ավելի քան 100 տարվա ազատազրկում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով որպես նախագահի թեկնածու առաջադրվել էր մայիսին կայացած նախագահական ընտրություններում, առաջիկա օրերին կարող է կալանավորվել իր դեմ ներկայացված 28 հայցերի հետաքննության շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, քաղաքական գործչին կարող է սպառնալ մինչև 110 տարվա ազատազրկում՝ հիմնականում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Քանի որ Քըլըչդարօղլուն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու և չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք նույնպես անցկացվել են մայիսին, ուստի պատգամավորական անձեռնմխելիություն չի ստացել։
Օգտվելով այդ իրավիճակից՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները նախագահական ընտրություններից անմիջապես հետո որոշեցին խորհրդարանում միավորել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի դեմ ուղղված հայցերը և դրանց հիման վրա քրեական գործ հարուցել՝ մեղադրելով Քըլըչդարօղլուին երկրի գործող նախագահին վիրավորելու, սպառնալիքներ, զրպարտություն և ատելություն տարածելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու, ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։
Միաժամանակ Էրդողանի կուսակցությունը հիշեցրել է, որ հայցերի մեծ մասի հեղինակը Թուրքիայի առաջնորդն է։ Ավելի վաղ Էրդողանը բազմիցս շահել էր նման դատական վեճերը, իսկ դրանցից ստացված հասույթն ուղարկել էր բարեգործության։
Այդուհանդերձ քաղաքագետները կարծում են, որ թուրք հանրապետականների առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարը քիչ հավանական է, քանի որ դատական գործերի մեծ մասը հարուցվել է խորհրդարանում և, նրանց կարծիքով, քաղաքական դրդապատճառներ ունի։ Բացի այդ, դա հղի է Թուրքիայում քաղաքական իրավիճակի ապակայունացմամբ, քանի որ Քըլըչդարօղլուի գլխավորած կուսակցությունը հանրապետությունում ամենահինն է և մեծությամբ երկրորդը։
Կարծիքներ