Պետությանը պատճառվել է 32.6 մլրդ դրամի վնաս. հայտնաբերվել՝ 687 իրավախախտում. Դատախազություն
ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ շարունակում է լայն ծավալով իրականացնել պետական շահերի պաշտպանության գործառույթը:
2021թ. ընթացքում պետական գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարվել է ընդհանուր 1308 ուսումնասիրություն, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 60%-ով:
Դրանց արդյունքում հայտնաբերվել է 687 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ենթակառուցվածքների կառավարման, կրթության, պետական գնումների, իսկ Զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները:
Պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել է 63 սուբյեկտ:
Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 55 հաղորդում և միջնորդագիր:
Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 253 քրեական գործ, իսկ 115 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության՝ նյութեր նախապատրաստելու համար։
Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, պետական սեփականության գույքի գնահատման, մասնավորեցման, պետական մարմինների կարիքների համար գնումների, սննդամթերքի անվտանգության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար նախատեսված բյուջետային միջոցների ծախսման, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, բնապահպանության և բնօգտագործման, ընդերքօգտագործման, էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման և այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ:
Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով, ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա է դարձվել նաև որպես մարտական գործողությունների հետևանքով պատճառված մարտական կորուստ արձանագրված վնասների առաջացման հանգամանքները:
Դատախազները դատարան են ներկայացրել 626 մլն դրամ հայցապահանջով պետական շահերի պաշտպանության 77 հայց՝ 2020թ. համեմատ 37.5%-ով ավելի:
Դատարաններում 2021թ. քննվել է պետական շահերի պաշտպանության 44 հայց, բավարարվել է շուրջ 265 մլն դրամ հայցապահանջով 39 հայց: Քննության ընթացքում է գտնվում 7 մլրդ. 171 մլն 048 հազ. դրամ հայցապահանջով 117 հայց:
Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2021թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ նախազգուշացումներով, հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 32.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 52%-ով: Վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ:
Կարծիքներ