Վթարային շենքը կքանդվի՝ բնակիչները բնակարաններ կստանան 18 հարկանի նոր շենքում
Կառավարությունը հավանություն տվեց ներդրումային սոցիալական ծրագրին և «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու նախագածին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ «ՋիԷմ Քոնսթրաքշն» ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագիր: Ընկերությունը Շինարարների փողոց, 23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերն է, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Նոր շենքն ունենալու է 96 բնակարան եւ 22 ստորգետնյա ավտոկայանատեղի:
«Երկրորդ փուլում նախատեսվում է քանդել Շինարարների փողոցի հ. 23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված և մեծ մաշվածության աստիճան, 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտ 2000 ք/մ մակերեսով»,- ասաց նախարարը:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կառուցվող շենքից վթարային շենքի բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը:
Ծրագրով առաջարկվում է 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների, 23 հասցեի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող 0.020193 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:
Եզրակացության համաձայն Շինարարների փողոց, 23 հասցեում գտնվող 4-հարկանի շենքը (կառուցվել է 1960-ական թվականներին) համարվել է քանդման ենթակա: Շենքի հիմնապատերին առկա են խորը ճաքեր և դեֆորմացիաներ:
Բացի այդ, ընկերությունը պարտավորվում է նաև Շինարարների փողոց, հ.23 և Շինարարաների փողոց, 23/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քմ մակերեսով հողամասը բնակիչներին պահանջներին և կարիքներին համապատասխան բարեկարգել և կանաչապատել:
Կարծիքներ