Ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում. Գեղարքունիքից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր

Ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում. Գեղարքունիքից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։

Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված:

Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն կսահմանվի, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր:

«Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի: Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։

«Մեր քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։

Հարգելի՛ քաղաքացիներ, Սևանա լճի հարակից համայնքների բնակիչ, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին հորդորում ենք արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից:

Մեր քաղաքացիներին և բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին կոչ ենք անում աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում