ԱՄՀ-ի ներկայացուցիչը կայցելի Ռուսաստան
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) որոշումը՝ խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի իշխանությունների հետ և 2021 թվականից ի վեր առաջին անգամ այցելել Ռուսաստան, պայմանավորված է երկրում տնտեսական իրավիճակի կայունացմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԱՄՀ հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ջուլի Կոզակը։
«Տնտեսական իրավիճակը չափազանց անկայուն է եղել՝ հատկապես հաշվի առնելով հեռանկարները և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ կտրվածքով։ Այժմ, երբ տնտեսական իրավիճակը կայունացել է, խորհրդակցությունները վերսկսվում են», - ասել է Կոզակը։Նա հավելել է, որ տարեկան նման խորհրդակցությունների անցկացումը համապատասխանում է ինչպես հիմնադրամի, այնպես էլ ԱՄՀ անդամ երկրների պարտավորություններին։
Ավելի վաղ ԱՄՀ-ն հայտնել էր, որ հիմնադրամը սեպտեմբերի 16-ից առցանց խորհրդակցություններ կսկսի Ռուսաստանի իշխանությունների հետ, իսկ ավելի ուշ կազմակերպության առաքելությունը երկրի ներկայացուցիչ Անետ Կիոբեի գլխավորությամբ կայցելի Ռուսաստանի Դաշնություն։ ԱՄՀ-ն ակնկալում է քննարկել երկրի տնտեսական զարգացումն ու քաղաքականությունը։
Կարծիքներ