Բավրայի հատվածում հաճախակի գրանցվող ստորգետնյա ցնցումները իրենցից մեծ վտանգ չեն ներկայացնում. երկրաբան

Բավրայի հատվածում հաճախակի գրանցվող ստորգետնյա ցնցումները իրենցից մեծ վտանգ չեն ներկայացնում. երկրաբան

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ վտանգների գնահատման վարչության պետի տեղակալ, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն անդրադարձել է հայ-վրացական սահմանին՝ Բավրայի հատվածում վերջին շրջանում հաճախակի գրանցվող ստորգետնյա ցնցումներին: Երկրաբանն ընդգծեց, որ այդ ցնցումները իրենցից մեծ վտանգ չեն կարող ներկայացնել, ինչը չի նշանակում, որ համապատասխան ծառայությունները կարող են թուլացնել զգոնությունը: Տվյալ երկրաբանական խզվածքը ընդգրկում է Հայաստանի և Վրաստանի տարածքը և զգացվում է հիմնականում Ջավախքի տարածաշրջանում:

Ինչ վերաբերվում է 33 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժին, ըստ գիտնականի, այն հետևանք էր Փամբակի խզվածքի մինչև 7 մագնիտուդ  գերակտիվացմանը Վանաձոր- Սպիտակ- Գյումրի ուղղությամբ: Հ. Պետրոսյանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ այն ունեցել է բնական, բայց ոչ երբևէ արհեստական ծագում, և բոլոր նման խոսակցությունները ավելին չեն, քան դավադրության տեսություն: «Հայաստանի ներկայիս տարածքում սեյսմիկ ակտիվություն դրսևորող 16 երկրաբանական խզվածք կա: Հարկավոր է սովորել երկրաշարժի հետ ապրել, քանի որ ժամանակակից գիտությունն այս հարցում առայժմ անզոր է»,- նշեց Պետրոսյանը:

Երկրաշարժերի ժամկետները և հզորությունը կարելի է կանխատեսել այս կամ այն մոտավոր ճշգրտությամբ: Գիտնականը բոլորին խորհուրդ է տալիս այս հարցում չլինել լավատես կամ հոռետես, այլ՝ լինել իրատես:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում