ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով:
Ուղերձում ասվում է.
«Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի և խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին:
Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում և դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության:
Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը և շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական և կայուն Հայաստան:
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն:
Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի և պատմության համատեքստում:
Փա՛ռք նահատակներին»:


Կարծիքներ