Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային հետ քաշել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային տարբերակով հետ քաշել։
«Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերի զորքերը հայելային հետ քաշվեն։ Հարցրեցի՝ ո՞ւր գնանք, ասացին՝ այնտեղ, որտեղից եկել եք։ Բաքվից ենք եկել, Բաքո՞ւ վերադառնանք։ Այս տարածքներում 30 տարի չենք եղել, եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա նա դա կնշեր, բայց Հայաստանը դա սահման չի համարում, կարծում է, որ իր սահմանն Աղդամում է. Իմ հարցին ոչ ոք այդպես էլ չպատասխանել, հետևաբար մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ էլ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, քանի որ սահմանը պետք է արձանագրվի»,- հայտարարել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի «պահանջներն անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան»։
«Հայաստանն, իր հերթին, օկուպացման տակ է պահում մեր գյուղերը, և դա անընդունելի է: Կարծում եմ, որ այս ամսվա վերջին կլինի հանձնաժողովի նիստ, որտեղ հստակություն կմտցվի այս հարցում»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը չպետք է կախված լինի սահմանների սահմանազատման հարցից, քանի որ Ադրբեջանը դեռ չի ավարտել սահմանների սահմանազատումը հարևան այլ երկրների հետ։
«Խաղաղության համաձայնագիրը կարող է ունենալ սահմանազատման վերաբերյալ կետ, բայց եթե մենք սպասենք սահմանազատման՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ապա պետք է սպասենք 30-50 տարի, կամ նույնիսկ այն ընդհանրապես չի ստորագրվի։ Վրաստանի սահմանազատման գործընթացն ավարտվել է ընդամենը 70%-ով, Ռուսաստանի հետ՝ գործընթացը տևել է 20 տարի, բայց միայն 2012 թվականին են կողմերն ստորագրել և մինչ օրս ոչ բոլոր սյուներն ու ցուցանակներն են տեղադրված սահմանին, սահմանազատումն ամբողջությամբ ավարտված չէ։
Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է հնարավորինս արագ կնքվի խաղաղության համաձայնագիր, սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, գյուղերը պետք է վերադարձվեն, անկլավների հետ կապված խնդիրը կարող է լուծվել համձնաժողովների աշխատանքի արդյունքների հիման վրա»,- ասել է Ալիևը:
Կարծիքներ