Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնություն. հայ մարզիկները գերազանցել են Ադրբեջանի թիմին
Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը, հանդես գալով երրորդ դիվիզիոնում, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
4x400 մետր փոխանցավազքում Հայաստանը ներկայացնող քառյակը 3։29.99 արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել երկրորդ խմբում, վերջնարդյունքում նրանք գրավել են 5-րդ հորիզոնականը: Հայ մարզիկները 3 վայրկյանով գերազանցել են Ադրբեջանի թիմին։
Մինչ այդ էլ Հայաստանի թիմից պայքարի են դուրս եկել 7 աթլետներ. լավագույն արդյունքը ցույց է տվել հեռացատկորդ Յանա Սարգսյանը՝ 5.99 արդյունքով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը կանանց 200 մետր վազքում 24.36 արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, Էլլադա Ալավերդյանը խոչընդոտավազքում 11։02.54 արդյունքով գրավել է 6-րդ հորիզոնականը, իսկ Մարի Սարգսյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարելով 4։54.92 րոպեում՝ բավարարվել է 11-րդ տեղով:
Տղամարդկանց պայքարում Դավիթ Սարգսյանը 200 մետր վազքի Բ խմբում ցույց տալով 23.11 արդյունք՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Երվանդ Մկրտչյանը 5-րդ տեղն է զբաղեցրել է 5000 մետր վազքում՝ ցույց տալով 14։23.92 արդյունք։
Հայ մարզիկների մրցելույթներին «Շլյոսկի» մարզադաշտից հետևել են Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում այսօր պայքարի են դուրս եկել նաև հրաձիգները. Վրոցլավ քաղաքում ընթացող գնդակային հրաձգության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չեն կարողացել եզրափակչի ուղեգիր նվաճել:
10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում Կարապետյանը վաստակել է 572 միավոր և 38 մասնակցի շրջանում զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում 573 միավորով 22-րդ տեղում է (36 մասնակցի մեջ): Եզրափակչի ուղեգիր են նվաճել լավագույն 8 արդյունք ցույց տված մարզիկները:
Կարծիքներ