ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը հանդես է եկել Արցախի անկախության ճանաչման կոչով: Ինչպես հայտնում է ANCA-ն, Սիսիլինն ասել է.
«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր պատրաստվում է հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն պետք է իմանա, որ կան պատմական ծանրակշիռ փաստեր, որ խոսում են Արցախի անկախության ճանաչման օգտին: Այս հողը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի պատմական մասը և բնակեցված է եղել հայերով: Քրիստոնեության այս վաղ բնօրրանը պատված է եկեղեցիներով ու վանքերով, որ կառուցվել են հարյուրամյակներ առաջ: Սրանք նույն այն եկեղեցիներն են, որ այսօր ռմբակոծում են ադրբեջանցի զինվորականները:
Արցախի անկախության օգտին խոսող այլ համոզիչ փաստարկներ էլ կան՝ հիմնված միջազգային իրավունքի և ժողովրդավարական ինքնորոշման համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր, սակայն, Արցախը պետք է ճանաչել՝ հանուն նրա գոյատևման: Ադրբեջանի կողմից հարձակման չորրորդ շաբաթն է արդեն, Արցախի քաղաքացիները մնում են ապաստանած անօրինական կասետային ռումբերի անձրևի դեմ, նրանք գիտեն, որ ադրբեջանական վերահսկողության ցանկացած վերադարձ նրանց վտարելու է իրենց պատմական հայրենիքից:
Արցախի խաղաղ բնակիչների վրա արձակված ցանկացած ռումբ, ամեն փամփուշտ ու ԱԹՍ-ի հարձակում ամրապնդում է այս ժողովրդավար պետության՝ առանց այդ էլ ամուր ազատության ձգտումը:
Պատմությունն ու միջազգային իրավունքն արդեն Արցախի ճանաչման կողմից են, մենք այսօր տեսնում ենք, որ այս հպարտ երկրի գոյատևումը կախված է Միացյալ Նահանգներից և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչումից: Այդ պատճառով, ես միանում եմ իմ կոնգրեսական գործընկերներին՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով Արցախը ճանաչել լիարժեք և պաշտոնապես»:
Կարծիքներ