SpaceX-ին պատկանող հրթիռի բեկորներն ընկել են Վաշինգտոն նահանգում գտնվող անասնաբուծարանի տարածքում
Անցած հանգստյան օրերին SpaceX ընկերությանը պատկանող հրթիռի բեկորները հայտնաբերվել են ԱՄՆ Վաշինգտոն նահանգում:
Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ շերիֆի պաշտոնական ներկայացուցչի խոսքերին հղումով:
Նշվում է՝ շուրջ 1,5-մետրանոց բարձրություն ունեցող բեկորը հայտնաբերվել է նահանգի կենտրոնում Գրանտ շրջանի հարավարևմտյան մասում գտնվող մասնավոր սեփականության տարածքում:
Շերիֆի դեպարտամենտի տեղեկատվության բաժնի աշխատակից Կայլ Ֆորմանի խոսքով՝ բեկորի՝ գետնին բախվելու հետևանքով 1-1,5 մետրի չափ հետք է գոյացել:
«Բարեբախտաբար տուժածներ չկան»,- հայտնել է նա:
Հրթիռի ընկած տարածքի մասին հստակ տեղեկություններ չեն հաղորդվում:
«Լրատվամիջոցնե՛ր և գանձեր որոնողնե՛ր, մենք չենք բացահայտում մանրամասները: Սեփականատերը պարզապես ցանկանում է, որ իրեն հանգիստ թողնեն»,- Twitter-ում գրել են շերիֆի գրասենյակից:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրթիռի բեկորն ընկել է մասնավոր անասնաբուծարանի տարածքում:
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Վաշինգտոնի և Օրեգոնի երկնքում նկատվել էին փայլող շերտեր: Տեղի բնակիչներից շատերը կարծել են, որ դրանք առաջացել են երկնաքարից:
SpaceX ընկերությունը դեռևս չի հաստատել, որ հրթիռը պատկանում է իրեն:
Կարծիքներ