Ինքնորոշման իրավունքի ճանաչումը որևէ զիջման ենթակա չէ. ԱՀ նախագահը՝ դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, բարձր գնահատելով երկրում օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում ունեցած հաջողությունները՝ Արցախի նախագահը նշել է, որ արդյունավետ փոխգործակցության սկզբունքով անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել աշխատանքը՝ հանցագործության ցանկացած դեպքի մանրակրկիտ քննությամբ և պատժողական քաղաքականությամբ ապահովելով քրեական արդարադատության նպատակները, ներառյալ՝ նոր հանցագործությունների կանխումը:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ներքին և արտաքին մարտահրավերներին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում:
«Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ընտրել ենք խաղաղության օրակարգը: Սակայն ինչպես նշել եմ անցած տարեվերջին իմ հայտարարության մեջ, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»,- ասել է Արցախի նախագահը և ավելացրել, որ Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում այն որդեգրած սկզբունքներին, որոնց հիման վրա անցած ավելի քան երեք տասնամյակներում պետականություն է կառուցվել:
Կարծիքներ