Դանիել Լոզակովիչն ու Ջանլուկա Մարչիանոն սիրում են հայկական մշակույթը, Հայաստանն ու հայերին

Դանիել Լոզակովիչն ու Ջանլուկա Մարչիանոն սիրում են հայկական մշակույթը, Հայաստանն ու հայերին

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ջութակահար Դանիել Լոզակովիչը և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն երաժշտասերին ներկայացրին Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը և «Մահվան պարը»։ 

Կատարումներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ ու բուռն ծափողջույններով։ Երաժշտասերը ծանոթ է երիտասարդ սերնդի տաղանդաշատ ջութակահար Դանիել Լոզակովիչի կատարողական վարպետությանը: Նա երկրորդ անգամ է Հայաստանում։ Երիտասարդ ջութակահարը ելույթներ է ունենում այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բոստոնի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային, Ֆրանսիական ռադիոյի ֆիլհարմոնիկ, Գյուլբենկյանի անվան, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբերը և այլն:

 15-ամյակը լրանալուց հետո նա բացառիկ պայմանագիր է կնքել «Deutsche Grammophon»-ի հետ 2016 թվականին՝ դառնալով «Deutsche Grammophon»-ի արվեստագետների համայնքի ամենաերիտասարդ անդամը: Դանիել Լոզակովիչը նշում է, որ սիրում է հայկական մշակույթը, Հայաստանն ու հայերին։ Նա բարձր է գնահատում «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպվածությունը, ընդգծում է, որ նման մասշտաբի, համերգների նման խտություն ունեցող երաժշտական միջոցառում կազմակերպելը բավականին բարդ է։ «Այն, ինչն անհրաժեշտ է երաժիշտներին լավագույնս ներկայանալու համար, արված է փառատոնի շրջանակում»,- գնահատում է ջութակահարը։ 

Մեծ ընդունելության արժանացավ նաև իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ում արվեստին Հայաստանում քաջ ծանոթ են, և ամեն անգամ մեծ սիրով է ընդունվում նրա բեմելը։ Մաեստրո Մարչիանոն նշում է, որ միշտ հաճելի է բեմ բարձրանալ Հայաստանում, հանդիպել հայ ունկնդրի հետ։ Ըստ նրա՝ Երևանում հանդիսատեսը ջերմ է, որից միշտ դրական ազդակներ ու էներգիա է ստանում։ 

Դիրիժոր Մարչիանոն նույնպես շեշտում է կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) մեծ ջանքերը «Արմենիա» միջազգային փառատոնը կյանքի կոչելու գործում։ Ըստ նրա՝ վերջիններս հսկայական աշխատանք են կատարել՝ երաժշտական այս միջոցառման շնորհիվ ներկայացնելով բարձրակարգ երաժշտություն, բազմազան համերգային ծրագրեր և աշխարհում մեծ հեղինակություն վայելող երաժիշտների։ 

«Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Մինչև հոկտեմբերի 29-ը փառատոնը երաժշտասերներին հրավիրում է ունկնդրելու սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ մեծանուն երաժիշտների մասնակցությամբ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում