Rolls-Royce-ի ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել

Rolls-Royce-ի ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել

Անգլիական Rolls-Royce ընկերության կողմից մշակված Spirit of Innovation ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը միանգամից երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նվաճումների հաստատման հայտերն արդեն ներկայացվել են միջազգային ավիացիոն ֆեդերացիա (FAI), գրում է Simple Flying-ը:

Ինչպես հայտարարել է արտադրողը, առաջին հերթին,Spirit of Innovation-ը դարձել է աշխարհի ամենաարագ լիովին էլեկտրական ինքնաթիռը: Այն 3 կմ հեռավորության վրա մինչև 555,9 կմ/ժ արագություն է զարգացրել՝ գերազանցելով Siemens-ի Extra 330LE էլեկտրահամակարգով 2017 թվականի ապրիլին սահմանված նախորդ ռեկորդը՝ 213,04 կմ/ժ-ով:

Spirit of Innovation-ը արագության նոր ռեկորդ է սահմանել 15 կմ հեռովորության վրա՝ 532,1 կմ/ժ, ինչը 92,8 կմ/ժ-ով ավելի արագ է նախորդ նվաճումից: Երրորդ ռեկորդը սարքը սահմանել է ՝ 202 վայրկյանում բարձրանալով 3 հազար մետր բարձրության վրա՝ նախորդին գերազանցելով 60 վայրկյանով:

Rolls-Royce-ի ներկայացուցիչների խոսքով ՝ Spirit of Innovation-ի առավելագույն արագությունը ռեկորդային թռիչքների ընթացքում հասել է 623 կմ/ժ-ի: Դա այն դարձնում է ամենաարագ  միայն էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը պատմության մեջ:

Ընդ որում, Spirit of Innovation-ն իր առաջին փորձնական թռիչքը կատարել է սեպտեմբերին։ Այն դուրս է եկել Բրիտանական Ուիլթշիրի «Բոսկոմբ դաուն» զորավարժարանից, օդում մնացել է մոտ 15 րոպե, որից հետո հաջողությամբ վայրէջք է կատարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում