ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում անդրադարձել է ակադեմիական քաղաքի նախագծին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ակադեմիական քաղաքի նախագծին: Պատգամավոր Արեն Մկրտչյանին հետաքրքրել է, թե ինչ փուլում է գտնվում ծրագիրը, և արդեն հայտնի է՝ ինչ ծախսերի մասին է խոսքը:
Նախարարը նշել է, որ բավականին մեծ հանրային հետաքրքրություն կա նախագծի հանդեպ:
«Ապրիլի վերջին Հայաստան է ժամանել գերմանացի ճարտարապետների խումբ, որոնք եղել են այն տարածքներում, որտեղ պլանավորվում է կառուցել ակադեմիական քաղաքը: Արդեն ստացել ենք նախնական ուսումնասիրության հիման վրա նրանց ներկայացրած առաջարկները, թե ինչ ժամկետներում է հնարավոր մշակել գլխավոր հատակագիծը կամ պլանը: Քանի որ նախատեսում ենք նախագիծն իրականացնել փուլային տարբերակով և առաջին փուլով առաջնահերթ ենք համարում արվեստների կլաստերի կառուցումը, հետևաբար նրանք ներկայացրել են կոնկրետ առաջարկներ հենց արվեստի կլաստերի վերաբերյալ: Այս պահին ընթանում են բանակցություններ, որպեսզի ամեն ինչ լինի առավել հասկանալի»,- ընդգծել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ զուգահեռ ընթանում են այլ աշխատանքներ. ձևավորվել և արդեն գրանցվել է ծրագիրն իրականացնող «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: Առաջիկայում կձևավորվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը կկառավարի հիմնադրամը: Բացի դրանից՝ ՀՀ կադաստրի կոմիտեն ամփոփել է ակադեմիական քաղաքի համար հատկացված գույքագրման գործընթացը, և առաջիկայում կլինեն որոշումներ՝ հիմնադրամին կոնկրետ գույք տրամադրելու վերաբերյալ. «Այսինքն՝ ամեն ինչ գնում է իր ընթացքով, և հույս ունենք՝ բավականին արագ անցնել մյուս փուլերին»:
Անդրադառնալով հարցին, թե արդեն հայտնի՞ է ինչ ծախսերի մասին է խոսքը, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս պահին կա հստակություն՝ առաջին փուլի աշխատանքների արժեքի հետ կապված: Հետագա փուլերի արժեքը կախված կլինի առաջին փուլի արդյունքներից:
«Սակայն այստեղ մենք որդեգրել ենք ավելի ֆունդամենտալ մոտեցում. դիտարկում ենք ոչ միայն ակադեմիական քաղաքը՝ որպես ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներ, այլ կարևորում ենք, որ դրանում ներգրավված լինեն նաև բուհական համակարգի կառույցներ, օրինակ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Սա նոր հնարավորություն կընձեռի՝ կարողությունների զարգացման և տեղում մասնագիտական ռեսուրսի ձևավորման առումով»,- շեշտել է նախարարը և հավելել, որ երբ աշխատանքները կհստակեցվեն, մանրամասն կներկայացվեն նաև նախագծային արժեքի հետ կապված դիտարկումները:
Կարծիքներ