Սոցցանցերում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ «բախվել են» Թուրքիայի քրդամետ կուսակցության ներկայացուցիչները և Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետը
Սոցիալական ցանցերում Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճեր են բռնկվել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի միջև: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Թուրքիայի քրդամետ կուսակցության գործադիր կոմիտեն թվիթերյան էջով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է.
«1915 թվականի ապրիլի 24-ին «Միություն և առաջադիմություն» կազմակերպության կոմիտեի կողմից շուրջ 250 հայ մտավորական և քաղաքական գործիչ դուրս բերվեց սեփական տներից, ուղարկվեց աքսորի և սպանվեց: Հայ ժողովուրդը, որը հազարամայակներով ապրում էր իր հայրենիքում, զանգվածային կերպով ոչնչացվեց: Հանցագործությունը, որի հետ չեն առերեսվել, կրկնվում է, հանցագործությունը տեղափոխվել է մեր օրեր: Մեծ հանցագործությունն անպատիժ է մնացել, խտրականությունն ու ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները սովորական բան են դարձել: 106-րդ տարելիցին մենք զգում ենք հայերի, այս հողերի հնագույն ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, մեծ աղետն ու մարդկային ողբերգությունը, և հարգանքով ու գթասրտությամբ ենք հիշում սպանվածներին»:
Քրդամետ կուսակցության` «Հայոց ցեղասպանության ամոթը» վերնագրված այս հաղորդագրությանը պատասխանել է Թուրքիայի նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը.
«Մեր երկար և փառավոր պատմությունը մեր հպարտության աղբյուրն է: Ձեր կարճ և մռայլ պատմությունը լի է խայտառակությամբ: Այդ պատմությունն անջատողական ահաբեկչական կազմակերպության պատմություն է»,-գրել է Ալթունը:
Քրդամետ կուսակցությունը, հետ չմնալով քաղաքական հակառակորդից, պատասխանել է Ալթունին.
«Դուք պատմեցիք, թե ինչ է կատարվել հենց ձեր հետ: Ամոթը ձերն է... կոռուպցիա, ապօրինություն, անարդարություն, պատերազմ, մահ... սարերի ետևում չեն այն օրերը, երբ դուք կառերեսվեք ձեր պատմությանը»,-գրված է կուսակցության թվիթերյան օգտահաշվում:
Կարծիքներ