Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների ժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան. ԿԳՄՍՆ
Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից պետությունների նախարարների կոմիտեի Հունաստանի նախագահությամբ կայացած համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Նարինե Խաչատուրյանն իրենց զեկույցներում ներկայացրել են ԱՀ-ի եւ ՀՀ-ի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Նրանք կոչ են արել խստագույնս դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան, որի հետեւանքով վնասվել են կրթական եւ մշակութային հաստատություններ, խախտվել է սովորողների կրթության իրավունքը։
Նախարարի տեղակալները, ներկայացնելով ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած ագրեսիան, մատնացույց անելով կարեւոր փաստեր, այդ թվում՝ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի օդուժի կողմից Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում գտնվող հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրետակոծումը, հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում ծննդատան ռմբահարումը, կոչ են արել Եվրոպայի Խորհրդին եւ անդամ պետություններին խստորեն դատապարտել ադրբեջանական լայնածավալ ագրեսիան եւ այն ուղեկցող պատերազմական հանցագործությունները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում կրթության անընդհատության ապահովմանն ուղղված միջոցառումները` նշելով, որ Ադրբեջանն ըստ էության աշխարհում դարձել է առաջին եւ միակ երկիրը, որ համավարակի՝ որպես միջազգային հանրությանը սպառնացող գլոբալ մարտահրավերի պայմաններում լայնածավալ պատերազմ է սանձազերծել։
«Մշակութային արժեքների նպատակային ոչնչացումը պատերազմական հանցագործություն է: Որեւէ հարձակում քաղաքացիական ենթակառույցների, պատմամշակութային վայրերի վրա պետք է անվերապահորեն դատապարտվի միջազգային կառույցների եւ հանրության կողմից: Այն պետությունը, որ կայացնում է ծննդատուն ռմբահարելու որոշում, դուրս է քաղաքակրթությունից, զուրկ է մշակութային ժառանգությունից: Քաղաքակիրթ աշխարհը վերջապես պետք է հասկանա սա»,- նշել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Ներկայացնելով մշակութային ժառանգության վրա կլիմայական փոփոխությունների ազդեցության ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները՝ նախարարի տեղակալը խոսել է նաեւ ՀՀ 2020-2025 թթ. մշակութային ռազմավարության հիմնական ուղղությունների մասին, որտեղ առանցքային է նաեւ մշակութային ժառանգության պահպանումը:
Տեղեկացնենք նաեւ, որ համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ինչպես նաեւ աշխարհի շուրջ 30 պետությունների նախարարներ, փոխնախարարներ եւ այլ պատասխանատուներ։ Համաժողովի նպատակն է ներկայացնել կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի ազդեցությունը կրթության, եւ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային ժառանգության վրա, ինչպես նաեւ քննարկել եւ կիսվել այդ մարտահրավերներին դիմակայելու Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների փորձառությամբ:
Կարծիքներ