ԵՄ-ն ՀՀ-ին 9 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանին 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։
ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, ԵՄ որոշումը դատական և իրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է։
Համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստանդարտներին և հարակից ԵՄ-Հայաստան արդարադատության ոլորտի բարեփոխման ռազմավարական քաղաքականության երկխոսությանը՝ աջակցության այս փաթեթը կնպաստի արդարադատության համակարգում բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավմանը և Հայաստանում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։
Նշվում է, որ, կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ԵՄ-ն ընդգծում և աջակցում է ՀՀ կառավարության գովելի ջանքերն՝ ուղղված դատական և իրավական ոլորտի կարևոր, համապարփակ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը, և՝ դրանով իսկ, ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։ Հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) և «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը և կարողությունների զարգացմանը։
«Ես ողջունում եմ այսօր հայտարարված Հայաստանի համար բյուջետային աջակցության վերաբերյալ այս շատ կարևոր հատկացումը։ Եվս մեկ անգամ, ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիներն ու ինստիտուտները միավորվում են լավ կառավարման և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակի շուրջ: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի դատական և դատախազական մարմինների հաշվետվողականության բարձրացմանը և պահանջում զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության», նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
«Նախ կցանկանայի ընդգծել, որ 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին տրանշի արժեքն է։ Կարևոր է նաև վերահաստատել, որ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, և մենք ուրախ ենք փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաև մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին: Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար», նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Կարծիքներ