ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հավելյալ արժեք չի ստեղծում, խաղաղության երաշխիքը ՌԴ խաղաղապահ զորակազմն է. Զախարովա
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում շահագործման է հանձնում երեք նոր գործառնական կետ: Մեկնաբանելով այս լուրը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հավելյալ արժեք չի ստեղծում, իսկ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության և խաղաղության հաստատման նպատակի հետ։
«Միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Ադրբեջանին և Հայաստանին ԵՄ առաքելության հաշվետվողականության բացակայությունն ամրապնդում է կասկածները, որ ԵՄ գործունեության մեջ կա թաքնված օրակարգ «տեղում», «կրկնակի հատակի» առկայություն՝ առաքելության մանդատի «քաղաքացիական» բնույթի քողի տակ:
ԵՄ գործունեության ընդլայնման հետևում տեսանելի են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակառուսական խնդիրները, և այդ գործունեությունը կարող է միայն սրել Հարավային Կովկասում առկա հակասությունները»,- հայտարարել է նա։
Ըստ Զախարովայի, ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։
«ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ն գործնականում պարտադրեց իր ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակը հայտարարվել էր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելը, տեղի ունեցավ միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվողականության: Դա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական մտադրությունները, որի համար գլխավորը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը վերածելն աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխիքը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորակազմը։
Կարծիքներ