Ռազմավարության հիմքում զարգացած‚ բարձրակարգ, անվտանգ ճանապարհային ցանց ունենալն է․ քննարկում Ճանապարհային դեպարտամենտում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում արծարծվել են Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությանն առնչվող հարցեր։
Այս մասին տեղեկացնում է դեպարտամենտի ֆեյսբուքյան էջը։
Ռազմավարությունը մշակվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։
ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, ներկայացնելով Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությունը, նշել է, որ այն ընդգրկում է տրանսպորտի բոլոր ոլորտները, ճանապարհային անվտանգությունը։ Ռազմավարության հիմքում դրված է հիմնական նպատակ՝ ունենալ զարգացած‚ բարձրակարգ և անվտանգ ճանապարհային ցանց։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ ներկայացուցիչների հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ճանապարհների շահագործման նորագույն մեթոդները, ճանապարհների սպասարկման ծառայությունների գնագոյացման և բազմաթիվ այլ հարցեր։
Ներկայացնելով Հայաստանում կիրառվող փորձը՝ հանդիպման մասնակիցները կարևորել են ճանապարհների շահագործման մեթոդները, մեխանիզմները բարելավելու հարցը։ Անդրադարձ է եղել նաև այլ երկրներում ճանապարհների սպասարկման փորձին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական թիմերով հանդիպումները դարձնել պարբերական՝ քննարկելով և մշակելով ճանապարհների սպասարկման մեթոդների արդիականացմանն առնչվող լուծումներ։
Կարծիքներ