Ռուսական կողմի հետ կմշակվի համագործակցության փաթեթ․ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Դմիտրի Լիսովեցի հետ
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցի հետ:
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։
Կողմերը խոսել են առողջության պահպանման և ամրապնդման հիմնահարցերից: Արտակ Ջումայանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել էլեկտրոնային առողջապահությանն ու ոլորտի բարեփոխումներին, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է:
Ռուսական կողմի հետ կմշակվի համագործակցության մեծ փաթեթ, որի շրջանակներում սերտ կգործակցեն ոչ միայն գերատեսչությունները, այլև` մարզային և քաղաքային բժշկական կենտրոնները:
Հանդիպումն ավարտվել է` կարևորելով առողջ ապրելակերպին առնչվող հարցերը, հատկանշելով, որ առողջ ապրելակերպի ամրապնդման, բնակչության հոգեբանական բարեկեցության ապահովման հիմքում առողջ միջավայրի ձևավորումն ու առողջ հասարակություն ունենալն է:
Կարծիքներ