Երևանի թիվ 180 հիմնական դպրոցն անվանակոչվել է Զապել Եսայանի անունով
Երևանի թիվ 180 դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի գրող, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը:
Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
«Խորհրդանշական է, որ անվանակոչությունը տեղի է ունենում ի պատիվ մեր պատմության ուժեղ կանանցից մեկի՝ Զապել Եսայանի: Նա բազմաթիվ առումներով կարող է օրինակ ծառայել մեր կանանց ու աղջիկներին՝ առաջ գնալու և հաջողություններ գրանցելու համար: Զապել Եսայանի կերպարն ուսանելի է նաև տղաների համար՝ տեսնելու, թե ինչպիսի կանայք կան իրենց կողքին և ինչպես կարող են միասին այդ ուժն օգտագործելով՝ հզորանալ ու նաև զորեղացնել մեր երկիրը»,- շնորհավորական խոսքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Որևէ գործչի անունով դպրոցների անվանակոչությունը նախարարը համարել է պատասխանատվություն այդ մարդկանց ճանաչելու, նրանց պատմական դերը, փորձն ու ժառանգությունը, գիտելիքը, թողած արժեքները շարունակաբար նորացնելու և առաջ տանելու համար:
«Պատասխանատվություն է նաև դպրոցի օրինակելիության համար. Զապել Եսայանի անվան դպրոցը պետք է մատնանշենք որպես կրթական որակի չափանիշ և ուսումնառության լավագույն միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է նպաստել ուսումնական գործընթացում պատմական և հանրային ակտիվ դերակատարում ունեցած կանանց մասին համապարփակ գիտելիքների փոխանցմանը, ինչպես նաև նրանց դերի և գործունեության տեսանելիության բարձրացմանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ևս կարևորել Զապել Եսայան գործչի ուղենշային դերը:
«Սա կարևոր գործընթաց է, որով նշանավորում ենք հայ կնոջ՝ հասարակական, քաղաքական գործիչ Զապել Եսայանի դերը մեր պատմության և ապագայի տեսանկյունից: Փորձը ցույց է տալիս, որ կանայք ավելի պատասխանատու են ու հետևողական, և նրանց դերը մեր հասարակական կյանքում պետք է ավելի բարձրացվի: Ամեն ինչ պետք է անենք, որ նրանք իրացնեն իրենց կարողությունները»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Միջոցառման շրջանակում «Նաիրյան» վոկալ անսամբլը դպրոցի սաների հետ հանդես է եկել «100 տարի անց» բեմականացմամբ, որն արժևորում է հայ կնոջ դերը հասարակական, քաղաքական կյանքում՝ ի դեմս Զապել Եսայանի և անվանի մյուս կանանց:
Կարծիքներ