Առանց միջազգային էքսպերտիզայի օրենսդրական նախաձեռնություն անցկացնելը հղի է բազմաթիվ վտանգավոր հետևանքներով․ Իվետա Տոնոյանը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի վերաբերյալ․ «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ, որտեղ վերջինս օրենքի որոշ կետեր համարել է խնդրահարույց։
«Ազգային ժողովը հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով մասնագիտությամբ լրագրող է և երկար տարիներ ղեկավարել է Կենտրոն հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, օրենքի որոշ կետեր խնդրահարույց է համարում խոսքի ազատության սահմանափակման, ինչպես նաև՝ հեռարձակողների խմբագրական քաղաքականության մեջ ուղղակի կամ անուղղակի միջամտություն իրականցնելու հարցերով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է Իվետա Տոնոյանի հետ, խնդրել ներկայացնել, թե որ կետերի մասին է խոսքը․
«Լրատվական թողարկումների շրջանակում մեկ թեմային ընդամենը 25 տոկոսով է անդրադարձ լինելու։ Եթե կան խնդիրներ, որոնք հանրությանը հուզում են, մասնավորապես, թեկուզ այս օրերի սահմանային լարվածության հետ կապված թեման, օրենքում նշվում է, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում այդ սահմանափակումը չի գործում։ Բայց բոլորս էլ գիտենք, որ այս օրերին ռազմական դրություն հայտարարված չէ, բայց լրատվամիջոցներն իրենց թողարկումների մեծամասնությունը հատկացնում են հենց այս թեմային։ Այսինքն՝ օրենքի գործելու պայմաններում 25 տոկոսի սահմանափակումը, եթե լրատվական թողարկումը 30 րոպե է, ստացվում է մոտավորապես 7-7։30 րոպե անդրադարձ։ Չեմ կարծում, որ դրա շրջանակում հնարավոր է համապարփակ տեղեկատվություն տրամադրել նույն սահամանային իրավիճակի վերաբերյալ։ Սա խնդրահարույց կետերից մեկն էր։
Դրանից զատ, պետական լիազոր մարմնին տրվում է լիազորություն կարևոր թեմաների ցանկ սահմանելու, որոնց հեռարձակողները պետք է պարտադիր եթերաժամանակ տրամադրեն իրենց լրատվական թողարկումներում։ Ես առիթ ունեցել եմ նշելու, որ ինձ համար աշխարհի ամենապրոֆեսիոնալ, ամենակոմպետենտ լիազոր մարմինը չի կարող հեռարձակողի, կոնկրետ լրատվական քաղաքականություն իրականացնողի փոխարեն որոշել, թե որ թեման է համարվում կարևոր, որովհետև առանձին խմբագրակազմեր իրենք են իրենց լրատվական քաղաքականությունը որոշում։ Շուրջ մեկ տասնյակ լրագրողական, խոսքի ազատության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններ մատնանշել են, որ անհրաժեշտություն է զգացվում միջազգային փորձաքննության ուղարկելու նախագիծը։ Չեմ ժխտում, որ ոլորտում օրեսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, որ կատարվել է բավականին մեծածավալ աշխատանք, սակայն այս հապճեպության ռեժիմը, երկրորդ ընթերցմամբ արտահերթի շրջանակում բերել և առանց հանրային լայն շրջանակների, առանց լրատվամիջոցների, առանց միջազգային էքսպերտիզայի օրենսդրական նախաձեռնություն անցկացնելը հղի է բազմաթիվ վտանգավոր հետևանքներով։
Նույն նախագծի հեղինակները չեն բացառում իրենց մասնավոր զրույցներում, հարցազրույցներում, որ հետագայում օրենքի մեջ փոփոխություններ են իրականացվելու։ Այդ դեպքում, այսպես ափալ թափալության, կիսատ պռատության ռեժիմով նախագիծն անցկացնելու փոխարեն կարելի էր ժամանակ հատկացնել միջազգային փորձաքննություն անցկացնել, ոլորտի մասնագետների դիտարկումները հաշվի առնել և հետո միայն ունենալ ամբողջական ու համապարփակ օրենք, որը տարատեսակ հետևանքներ չէր ունենա, որոնք վստահաբար լինելու են»։
Հարցին, թե նման հապճեպության նպատակը ո՞րն էր, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Այս տարի ավարտվում են մի շարք հեռուստաընկերությունների եթերի լիցենզիաների ժամկետներն ու նոր լիցենզավորման մրցույթներ են անցկացվելու, կարծում եմ, որ այս գործընթացը շաղկապված է հենց այս պրոցեսների հետ»։
Հարցին՝ հեռուստաընկերությունների փակման վտանգ կա՞, Տոնոյանը պատասխանեց․ «Ես չէի ուզենա հավատալ, որ հնարավոր է նոր հայաստանյան իրականության մեջ նման անհանգստություններ ու մտահոգություններ ունենալ։ Ես կարծում եմ՝ որևէ դեպքում լրատվամիջոցների գործունեությանը և խոսքի ազատությանը որևէ վտանգ չպետք է սպառնա և լիահույս եմ, որ բոլոր գործընթացները տեղի են ունենալու բացառապես օրինականության և մասնագիտական բարոյականության շրջանակում։ Եթե երբևէ որևէ հեռուստաընկերության հետ կապված լինի նման գործընթաց, որտեղ կտեսնեմ օրինականության շրջանցում կամ անձնական նպատակների հասնելու շահագրգռվածություն, կապ չունի, թե դա որ մարմինների կամ որ քաղաքական ուժի կողմից կիրականացվի, ես սահմանափակված չեմ լինի այդ մասին բարձրաձայնելու, որովհետև թե՛ որպես օրենսդիր և թե՛ որպես մասնագիտությանբ լրագրող, տարբեր առիթներով ասել եմ, որ ինձ համար խոսքի ազատությունը, լրատվամիջոցների գործունեության անկախությունը երբևէ այլընտրանք չպետք է ունենա»։
Կարծիքներ