ԿԺԴՀ-ն COVID-19-ի դեմ թեկնածու պատվաստանյութ է մշակել
ԿԺԴՀ-ն COVID-19-ի դեմ թեկնածու պատվաստանյութ է մշակել, այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի «Միրե» («Ապագա») գիտական նվաճումների մասին պորտալը, գրում է ria.ru-ն։
Պորտալի տվյալներով՝ Բժշկության և կենսաբանության հետազոտությունների ինստիտուտի բժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները մշակել են ռեկոմբինանտ պատվաստանյութ՝ կորոնավիրուսի թաղանթից վերցված S-սպիտակուցի գենետիկ հաջորդականության տվյալների հիման վրա։
Պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատվել է կենդանիների վրա, և հուլիսի սկզբից սկսվել են դրա կլինիկական փորձարկումները:
«Հաշվի առնելով, որ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չկա, այժմ քննարկվում է, թե ինչպես անցկացնել կլինիկական փորձարկումների երրորդ փուլը», - նշում է պորտալը:
Նշենք, որ Հյուսիսային Կորեան աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ ԱՀԿ-ն Covid-19-ի որևէ դեպք չի գրանցել: Սակայն շատ փորձագետներ նշում են, որ Հյուսիսային Կորեայի հարևան երկրներում կորոնավիրուսը շատ ակտիվորեն է տարածվում, ուստի՝ հնարավոր է, որ այստեղ կան վարակման դեպքեր, որոնք, սակայն, իշխանությունները թաքցնում են։
Կարծիքներ